Եթե ինձ երբևէ ասեին, որ կարող է գալ ժամանակ, երբ ես վախենամ 1 ամսեկան երեխայից, քահ-քահ կծիծաղեի: Բայց այսօր դա իրականություն է: Այո, ես վախենում եմ Նոյեմիկից :D Վախենում եմ ուղղել նրա ծածկոցը քնած ժամանակ, վախենում եմ ուղղել դիրքս նրան գրկած ժամանակ, վախենում եմ մտնել նրա սենյակ, երբ քնած է, քանի որ նա կարող է ԱՐԹՆԱՆԱԼ: Իսկ երբ նա արթնանում է, ամբողջ շենքն է իմանում դրա մասին :(
Ախր ինչու՟ հենց իմ բալիկը պետք է այսքան լաչառ լիներ: Ինչու՟ պետք է նրան լողացնելիս, տակդիրը փոխելիս, շորիկները հագցնելիս-հանելիս նա աղաղակի, բղավի, համաշխարհային ողբ կապի: Ի՟նչն է նրան այդքան անհանգստացնում: Գիշերները չեմ քնում, բացարձակ չեմ քնում, որովհետև հենց համարձակվում եմ աչքերս փակել, նա սկսում է լացել, և հաճախ արդեն կուրծք ուտելն էլ չի փրկում: Երբ գալիս է գիշերը, ինձ մոտ սթրես է սկսվում, որովհետև գիտեմ, որ պետք է ամբողջ գիշեր ջանամ նրա ձայնը կտրել, իսկ նա պետք է տառապի թափահարի իրեն, այնպես լացի, կարծես մորթում եմ: Այդ պահերին ես դառնում եմ ամենաանզոր մարդը, ցանկանում եմ մտնել վերմակի տակ ու անհետանալ, խլանալ, որպեսզի չլսեմ նրա լացը: Նման պահերին աշխատում եմ մտածել, որ դա ժամանակավոր է, հետո այսպես չի լինի, բայց ինքնամոտիվացիան տևում է մինչև այն պահը, երբ Նոյեմին մի քանի տոնով բարձրացնում է լացի ձայնը:
Եվ ամենասարսափելի այն է, որ չես կարող պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա. ուրիշը քո փոխարեն քո երեխային չի պահի ու չի հանգստացնի: Ինքդ ես ընկել կրակի մեջ, պիտի ինքդ էլ փորձես դուրս գալ:
Այո, մայրությունն այն երջանիկ նկարները չեն, որտեղ կանայք սպիտակ ատամնաշարերը բաց գրկած են ուրախ ժպիտներով նորածիններին. մայրությունն անքուն գիշերներն ու անհանգիստ ցերեկներն են, կեղտոտ տակդիրներն ու տոննաներով հարդուկներն են, մայրությունը գազիկների դեմ դեղերի ինստրուկցիաների ու տուտուզիկի կարմրության դեմ քսուքների ընկերակցությունն է:
No comments:
Post a Comment