Sunday, March 23, 2014

Գարնանային

Երկու օրից Նոյեմին կդառնա երեք ամսական :) Նա մեծանում է, սկսել է ուսումնասիրել շրջակա աշխարհն ու մարդկանց: Երբ արթնանում է և տեսնում է ինձ` սկսում է ժպտալ ու ծիծաղել: Եվ սիրտս երջանկությունից կանգ է առնում: Երբեմն կանգնում եմ և ասում` Աստված իմ, ես մամա եմ, Նոյեմին ԻՄ աղջիկն է: Եվ ինքս էլ չեմ հավատում ասածիս: Չգիտեմ` դա լավ է, թե վատ: Ես երևի պատրաստ չէի մայրանալու... 
Այժմ մեր լավագույն պահերը ցերեկային զբոսանքներն են: Իհարկե մանկասայլակն իջեցնել-բարձրացնելը սարսափելի դժվար է, բայց տանելի է :) Նոյեմին մաքուր օդին կարող է ժամերով քնել, և այգում մանուկների աղմուկն անգամ չի կարող նրան արթնացնել: Իսկ ես նստում եմ գարնանային արևի տակ ու հետևում մարդկանց, ծաղկող ծառերին, մեքենաներին: Մի բան է տարօրինակ` ամեն գարնան սրվող դեպրեսիան այս տարի նույնպես ինձ այցելել է, իսկ ես հույս ունեի, որ գոնե Նոյեմիից հետո ամեն բան կփոխվի: Դժվար է համատեղել մայրանալու երջանկությունը դեպրեսիվ տրամադրության հետ: Չգիտեմ, թե որքան կձգեմ... 
Նոյեմին իսկական հրաշք է, իմ հրաշք բալիկը` արդեն ավելի շատ բան հասկացող, ավելի քիչ լացող: Ունենք քիչ թե շատ կարգավորված ռեժիմ` գիշերները մեծերի պես քնում է, արթնանում, ուտում, քնում, արթնանում, ուտում, գնում զբոսանքի, վերադառնում, ուտում, Չքնում (^_^), լողանում, ուտում, քնում կամ չքնում, ուտում և քնում: Իհարկե ամեն օր չեմ հաջողացնում Նոյեմիին դուրս տանել, բայց մաքուր օդը երկուսիս էլ լավ է: Ես դեռ աշխատանք չունեմ, ինչն ավելի է ազդում իմ վատ տրամադրության վրա: Հուսով եմ` սա իմ կյանքի վերջին գարունն է, երբ ես ապրում եմ այս դժվար պահը (թեև ամեն տարի նույնն եմ ասում...): Ինչևէ, մայրերը պետք է ուժեղ լինեն, իսկ ես, գրողը տանի, մայր եմ :)

Friday, February 21, 2014

Առաջին ժպիտ :)

Նոյեմիի հետ իմ կյանքն օրեցօր ավելի ու ավելի հեքիաթային է դառնում: Այժմ, երբ նա սկսել է ժպտալ, ծիծաղել, արձագանքել, ինձ տեսնելիս անկեղծ ուրախանալ, մենք ավելի ենք մտերմացել: Առաջին անգամ աղջիկս ինձ ժպտաց փետրվարի 10-ին: Նրան պառկեցրել էի մանկասայլակում, օրորում էի, երբ հանկարծ նրա դեմքին մի երջանիկ ժպիտ հայտնվեց: Եվ ես գիտակցեցի` դուստրս կյանքում առաջին անգամ ժպտում է: Սիրտս սկսեց խենթի պես աշխատել, և ես երջանկությունից արտասվեցի: Հաջորդ օրը նա արդեն ժպտաց տատային, իսկ հիմա, երբ պառկեցնում ենք նրան շորիկները փոխելու, նա վայելում է իր տկլորիկությունն ու ժպտում է, ապա ծիծաղում, ապա գղգղում, հետո նորից ժպտում: Նա պտտում է փոքրիկ գլուխը ձայնի ուղղությամբ, փորիկի վրա պառկած դիրքից պտտվում է կողքի, և լողանալիս այլևս չի արտասվում  (հասկացել է, թե որքան լավ բան է լողանալը): Երբ լողացնելիս նրան պահում ենք փորիկի վրա, նա տոտիկներով արագ-արագ շարժում է, թաթիկներով խփում է ջրին ու փորձում է ոտքի կանգնել: Ախր շատ ավազակն է նա :))) Այսօրվանից նրան սկսել ենք ջուր տալ, ինչը կարծես նրա սրտով է` ագահորեն խմում էր :) Միակ բանը, ինչի համար Նոյեմիկին մեղադրում եմ, այն է, որ կուրծք չի ուտում, իսկ ես կաթի հետ խնդիր չունեմ... Նա պարզապես գերադասում է շշով ուտել և զրկվել մայրական առողջարար կաթից... Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ նա հիմա սոված չէ և չի տառապում: Երկու օր առաջ գնացել էինք պոլիկնինիկա. շնորհիվ կրծքով իմ փառահեղ սնուցման քաշի և հասակի առումով մի լավ հետ ենք մնում նորմայից` 4.4 կգ և 55 սմ: Իհարկե սիրտս մղկտում է, բայց գոնե գիտեմ, որ արհեստական սնուցման անցնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Անհամբեր սպասում եմ, թե երբ է եղանակը տաքանալու, որպեսզի դուրս գանք զբոսանքի, թեև չգիտեմ, թե ինչպես եմ ծանր մանկասայլակն ինքնուրույն իջեցնելու-բարձրացնելու: Միայնակ մայր լինելու միակ վատ կողմն այն է, որ մանկասայլակ քարշ տվող չունես :))) Կամ պետք է շտապ ամուսնանալ կամ տեղափոխվել այլ բնակարան, առաջին հարկ :D Թեև այս տարբերակներից ավելի հավանականը մանկասայլակ քարշ տվող վարձելն է :D 

Saturday, February 15, 2014

Արհեստական կաթիկի մասին :(

Երկար տառապանքներից հետո փետրվարի 14-ից մենք անցանք արհեստական докорм-ի :( Շատ դժվար եկանք այդ որոշման, բայց հիմա միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ շուտվանից չեմ գնացել այդ քայլին` տանջելով Նոյեմիին էլ, ինձ էլ...Իհարկե ցավալի է համակերպվել այն մտքի հետ, որ բավարար կաթ չունես փոքրիկիդ կերակրելու համար, բայց ավելի ցավալին այն է, որ այսքան ժամանակ փոքրիկ Նոյեմին սոված էր մնում, այդ պատճառով էլ այդքան նյարդային ու լացկան էր: Այսօր վերջապես քիչ թե շատ նորմալ ռեժիմ ենք ունեցել, կերել ենք 2-3 ժամը մեկ ու լացել ենք մաքսիմալ քիչ: Եվ ինձ համար անսովոր վիճակ է, որ Նոյեմին 18 ժամ գրկիս չէ, այլ իր օրորոցում, որը վերջապես մեզ պետք եկավ :)) Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ ագահաբար էր ուտում շշից: Այդ պահին ուզում էի գնալ ու կամրջից գցվել: Դա մայրական անպետքության պահ էր, որ ապրել եմ նաև այն ժամանակ, երբ առաջին անգամ նրան ծծակ տվեցի, որպեսզի դադարի արտասվել, իսկ կուրծքս հասցնի կաթով լցվել: Հիմա վախը սրտումս սպասում եմ, թե երբ է նա վերջնակապես հրաժարվելու կրծքիցս և ինչպես եմ հաղթահարելու այդ դժվար պահը: Բայց ինձ համար հիմա ամենակարևորն այն է, որ աղջիկս սոված չմնա ու չարտասվի :( Խեղճ, խեղճ Նոյեմիկ... Եվ խեղճ, խեղճ ես :)) 
Հիմա հաջորդ կարևոր հարցը, որ այդպես էլ չեմ կարողանում կողմնորոշվել, պատվաստումների հարցն է: Պատվաստել, թե՞ չպատվասել, սա է խնդիրը :)) Դեռ 10 օր ունեմ վճռական որոշումը կայացնելու համար... 
Որքան դժվար է մամա լինելը :(

Tuesday, February 11, 2014

Նոր բացահայտումներ :)

Բավականին երկար ժամանակ է, ինչ փոքրիկիս բլոգը չեմ թարմացրել: Պարզապես ժամանակ չկար :) Այ ընթացքում լրացավ մեր միամսյակը, ապա անցավ քառասունքը, իսկ երեկ ամենասպասված իրադարձություններից մեկը տեղի ունեցավ. Նոյեմին ժպտաց :) Այո-այո, գիտակցված և շատ հասուն ժպտաց: Նախորդ օրն էլ էի նկատել, որ ի պատասխան իմ մուսի-պուսիների բալիկս փորձում է ինքն էլ ժպտալ, բայց երեկ էր հենց այն օրը, երբ նա իսկապես շատ լուրջ ժպտաց մեզ :) +1 քայլ դեպի ավելի հասուն Նոյեմիկ :) 
Նոյեմին շատ է փոխվել. հիմա ցերեկները ժամեր շարունակ չի քնում, իրեն պահում է մեծ բալիկի պես :)) Եվ իրեն ամենալավը զգում է այն ժամանակ, երբ գրկիս է, ես էլ արագ-արագ սենյակից սենյակ եմ քայլում: Նա այդ ընթացքում հասցնում է քնի, ես էլ գալիս նստում եմ բազկաթոռին, նրան դնում փորիկիս ու այդպես նստում մոտ մի ժամ, մինչև նա անուշ-անուշ քնած է: Նոյեմին նաև սովորել է գլուխն ինքնուրույն պահել ու շարժել աջուձախ: Նաև շատ է սիրում, երբ իրեն դնում ենք շորիկները փոխելու սեղանին ու տկլորիկ պահում: Հա, նա տակդիրներ չի սիրում :( Դե ո՞վ կսիրեր... 
Ի դեպ երեկ ինձ համար հետաքրքիր բան բացահայտեցի. պարզվում է` գարեջուրը ավելացնում է կաթնարտադրությունը. Նոյեմին հրճվանքի մեջ է :)) 
Այժմ մեր առօրյան անցնում է Նոյեմիին կերակրելով, շորիկները փոխելով, լողացնելով, փորձելով հանգստացնել, երբ նրա այծիկները գալիս են, և փոքրիկս սկսում է անպատճառ (կամ էլ պատճառով) լաց լինել: Բայց մի բան փոխվել է` այժմ ինձ արդեն այդքան էլ անպաշտպան չեմ զգում, երբ նրա մոտ լացելու ժամեր են հայտարարվում, որովհետև գիտեմ, որ միևնույն է` մի քանի ժամից նա ի վերջո կդադարի լացել :))))) 
Ու եվս մեկ լավ նորություն. հիմա գիշերները սկսել ենք քնել: Դեեեե համարյա քնել :) Նախկին սարսափելի վիճակները չկան, երբ նա պարզապես հրաժարվում էր քնել և լաց էր լինում: Հիմա մենք գրեթե ողջ գիշերը քնում ենք և առավոտյան արթնանում ուրախ և առույգ ^_^

Thursday, January 23, 2014

Քնել եմ ուզում. օր 28

Եթե ինձ երբևէ ասեին, որ կարող է գալ ժամանակ, երբ ես վախենամ 1 ամսեկան երեխայից, քահ-քահ կծիծաղեի: Բայց այսօր դա իրականություն է: Այո, ես վախենում եմ Նոյեմիկից :D Վախենում եմ ուղղել նրա ծածկոցը քնած ժամանակ, վախենում եմ ուղղել դիրքս նրան գրկած ժամանակ, վախենում եմ մտնել նրա սենյակ, երբ քնած է, քանի որ նա կարող է ԱՐԹՆԱՆԱԼ: Իսկ երբ նա արթնանում է, ամբողջ շենքն է իմանում դրա մասին :( 
Ախր ինչու՟ հենց իմ բալիկը պետք է այսքան լաչառ լիներ: Ինչու՟ պետք է նրան լողացնելիս, տակդիրը փոխելիս, շորիկները հագցնելիս-հանելիս նա աղաղակի, բղավի, համաշխարհային ողբ կապի: Ի՟նչն է նրան այդքան անհանգստացնում: Գիշերները չեմ քնում, բացարձակ չեմ քնում, որովհետև հենց համարձակվում եմ աչքերս փակել, նա սկսում է լացել, և հաճախ արդեն կուրծք ուտելն էլ չի փրկում: Երբ գալիս է գիշերը, ինձ մոտ սթրես է սկսվում, որովհետև գիտեմ, որ պետք է ամբողջ գիշեր ջանամ նրա ձայնը կտրել, իսկ նա պետք է տառապի թափահարի իրեն, այնպես լացի, կարծես մորթում եմ: Այդ պահերին ես դառնում եմ ամենաանզոր մարդը, ցանկանում եմ մտնել վերմակի տակ ու անհետանալ, խլանալ, որպեսզի չլսեմ նրա լացը: Նման պահերին աշխատում եմ մտածել, որ դա ժամանակավոր է, հետո այսպես չի լինի, բայց ինքնամոտիվացիան տևում է մինչև այն պահը, երբ Նոյեմին մի քանի տոնով բարձրացնում է լացի ձայնը: 
Եվ ամենասարսափելի այն է, որ չես կարող պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա. ուրիշը քո փոխարեն քո երեխային չի պահի ու չի հանգստացնի: Ինքդ ես ընկել կրակի մեջ, պիտի ինքդ էլ փորձես դուրս գալ:
Այո, մայրությունն այն երջանիկ նկարները չեն, որտեղ կանայք սպիտակ ատամնաշարերը բաց գրկած են ուրախ ժպիտներով նորածիններին. մայրությունն անքուն գիշերներն ու անհանգիստ ցերեկներն են, կեղտոտ տակդիրներն ու տոննաներով հարդուկներն են, մայրությունը գազիկների դեմ դեղերի ինստրուկցիաների ու տուտուզիկի կարմրության դեմ քսուքների ընկերակցությունն է: 

Tuesday, January 21, 2014

Նվերնե՜ր, նվերնե՜ր ^_^

Այսօր լուսադեմին մեր մորաքույրը Մալայզիայում գործուղումից հետո վերջապես վերադարձավ: Նոյեմին կարծես թե կարոտել էր նրան :) Դե մորաքրոջ մասին խոսք չկա :))) Նա մեզ լիքը-լիքը նվերներ էր բերել` մի ամբողջ ճամպրուկ թիթիզ շորիկներ: Քանի որ մինչև Նոյեմիի ծնվելն այդքան էլ վստահ չէի նրա սեռի հարցում, վարդագույն շորիկներ չէր գնել, իսկ հիմա մորաքույրը միայն վարդագույն շորիկներ է բերել, որպեսզի փոխհատուցենք Նոյեմիկի կյանքի անվարդագույն փուլը :)))) Այո, ես այն ծնողներից եմ լինելու, որ իրենց աղջիկ երեխաներին գերազանցապես վարդագույն հագուստներ են հագցնում: Վերջապես մենք էլ կհագնենք թիթիզ շորիկներ :)) Նա նաև մի հիանալի գիրք է բերել, որից նաև ես եմ ունեցել, իհարկե ոչ այսքան շքեղ ու գեղեցիկ :) Այդ գրքում գրի ենք առնելու Նոյեմիի կյանքի առաջին 12 ամսի մասին ողջ ինֆորմացիան, ավելացնելու ենք նկարներ ու հետաքրքիր պատմություններ :) Նաև ունենք շնիկներով օրացույց, որը շատ խորհրդանշական է ինձ համար: Բանն այն է, որ երբ ես էի փոքր, իմ սենյակում` անմիջապես օրորոցիս դիմաց, շնիկներով օրացույց էր, որը ես անչափ սիրում էի: Հիմա Նոյեմիկը նույնպես ունի շնիկներով օրացույց, պարզապես ի տարբերություն ինձ նա արդեն մանկուց միանգամից երկու շնիկ է ունենալու ու ստիպված չի լինելու ինձ տարիներով աղաչել շնիկ գնելու մասին :)))))) Ջինան ու Լանան դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը :D





p.s. Նոյեմին այսօր այդքան էլ չի հասկանա, թե ինչու է մայրիկը մի-փոքր տխուր: Բանն այն է, որ մայրիկի լավ ընկերներից Դավիթին այսօր բանակ են տանում: Դա չէր մտնում մեր պլանների մեջ, որովհետև Դավիթը պետք է ամռանը մեր մկտրության քավորը լիներ :( Ամեն դեպքում մենք Դավիթին բարի ծառայություն ենք մաղթել ու աղոթել ենք նրա համար :) Իսկ մկրտվել միշտ էլ կհասցնենք :)) 

Sunday, January 19, 2014

Նոյեմին մեծանում է

Նոյեմին մեծանում է: Դիմագծերն ավելի հստակ են դառնում, հայացքը հասունանում է, անգամ լացելու ոճն է մեծացել: Արդեն ունենք մի քանի բոդի, որ հագին փոքրացել են :) Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ հանում էի նրա շորիկները, նայում, պատկերացնում, թե ինչպիսին է լինելու աղջիկս, ինչպես եմ հագցնելու նրան: Ես իհարկե չէի պատկերացնում, որ շոր հագցնելու մեր պրոցեսն ուղեկցվելու է սարսափելի բարձր լացով :)))) Հուսով եմ, որ երբ Նոյեմին մեծանա, ինձ կասի, թե ինչու էր այդքան շատ բողոքում ու արտասվում: Նա դեռ օրվա մեծ մասն անց է կացնում գրկիս, իսկ գիշերները շատ գոհ մռութով կպնում է ինձ ամբողջ մարմնով, թուշիկը կպցնում կրծքիս ու քնում: Ընդհանուր առմամբ քնում ենք մոտ 4 ժամ. մնացած ժամանակ անց ենք կացնում լացելով: Երբեմն քնում ենք նաև ցերեկները, բայց դա միշտ չէ ստացվում: Նոյեմիին դեռ տատիկն է լողացնում, համարձակությունս դեռ չի ներում նրան ինքնուրույն լողացնել: Այսօրվանից սկսել ենք խմել վիտամին D: Եվ դեռ տառապում ենք գազիկներից :( Ասում են` դրանք իրենք իրենց անցնում են երեք ամսեկանում. ուրեմն մեզ մոտ երկու ամիս մնաց...

Մամա լինելու դժվարությունն այն է, որ ինքդ քո վրա ծախսելու ժամանակ գրեթե չունես: Նախկինում լողանում էի մոտ 40 րոպե. մայրանալուց հետո այդ արարողակարգը տևում է մոտ 10 րոպե, այն էլ ականջներս սրած եմ պահում, քանի որ Նոյեմին հիմնականում զգում է, երբ կողքին չեմ և սկսում է բողոքել: Նա երևի թե շատ է կապված ինձ հետ, եթե չի կարողանում առանց ինձ մնալ:)))) Պատկերացնում եմ, որ մենք շատ մտերիմ ենք լինելու, երբ նա մեծանա: Մենք կլինենք լավագույն ընկերուհիներ, նա կկիսվի ինձ հետ իր գաղտնիքներով, իսկ ես կպատմեմ նրան իմ կյանքի մասին: Միայն թե չգիտեմ` արդյո՞ք կկարողանամ ամեն ինչ պատմել, արդյո՞ք ճիշտ է սեփական երեխաներից գաղտնիքներ ունենալը, իսկ մի՞թե չկան մեր կյանքում բաներ, որոնց համար ամաչում ենք, որոնց մասին աշխատում ենք մոռանալ, մի՞թե պետք է դրանք նույնպես պատմել մեր երեխաներին: Երևի ժամանակի հետ այդ իմաստությունը կգա, ու ես կհասկանամ, թե որն է ճիշտ: Տեսնես իմ մայրիկն ինձնից գաղտնիքներ ունի՞...