Ինչպես Նոյեմին լույս աշխարհ եկավ

Նոյեմին լույս աշխարհ եկավ ձմռան ամենացուրտ օրերից մեկին և հավիտյան ջերմացրեց իմ օրերը: Դեկտեմբերի 26, 2013 թվական...
Այդ օրը ես ու մայրիկս պետք է գնայինք ծննդատուն, որպեսզի հետազոտություն անցնեի (պտղաջրերի քանակությունը քիչ էր. պետք էր պարզել պատճառը): Ծննդատուն գնալուց առաջ անասնաբույժ էինք կանչել տուն, որպեսզի բուժի շնիկիս` Լանայի ականջը: Երբ բժիշկը նայում էր Լանային, ասաց, որ պետք է ժամանակ առ ժամանակ մաքրենք ականջների մազերը և այնպես ուժեղ սկսեց քաշելով պոկել խեղճ շանս ականջների մազերը, որ նա սկսեց աղիողորմ վնգստալ: Այդ սարսափելի տեսարանի վրա ջրերս գնացին :)
Բժշկին արագ ճանապարհելով վերցրեցինք ծննդատուն տանելու պայուսակներն ու վազեցինք ծննդատուն: Այնտեղ բժիշկս` Լևոն Հակոբովիչը զննեց ինձ ու կարգադրեց պառկեցնել: Ինձ պատրաստեցին, անալիզներ վերցրեցին, գրանցեցին, մի խոսքով արեցին ամենը, ինչ անում են, երբ ընդունում են ծննդաբերող կանանց: Բայց բանն այն էր, որ ես չէի ծննդաբերում... Մենք բոլորս «գիտենք», որ ծննդաբերությունը սկսում է, երբ կինը սկսում է սարսափելի ցավեր զգալ և նրան շտապ հասցնում են հիվանդանոց` ասելով «Շնչիր, շնչիր»: Դե ֆիլմերում միշտ այդպես է, իսկ իրական կյանքում ոչ: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ախր ոչ մի ցավ չէի զգում... 
Մի քանի րոպե անց ես արդեն նախածնարանում էի: Մոտ 40 րոպե հատուկ սարքի միջոցով լսեցին բալիկիս սրտի աշխատանքը, հետո մի փոքրիկ դեղահաբ տվեցին: Ու սկսվեց արմագեդոնը... Միանգամից այնպիսի ուժգին ցավեր սկսվեցին, որ ես պարզապես կորցրեցի ինձ: Սկզբում կամաց տնքում էի, հետո ցավերն այնքան ուժեղացան, որ սկսեցի բարձրաձայն արտասվել: Ու ամենասարսափելին այն էր, որ կողքի սենյակում գտնվող բուժքույրերը շարունակում էին սամիթով աղցանի մասին իրենց խոսակցությունը` կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: 
Շարունակությունն արդեն աղոտ եմ հիշում... Հիշում եմ միայն, որ երբ բժիշկս եկավ, ես արդեն արտասվելով խնդրում էի նրան ինձ էպիդուրալ ցավազրկում անել: Երբ եկավ անեսթեզիոլոգը, ես արդեն ցավերից թափահարվում էի: Նա ասաց, որ պետք է 15 րոպե անշարժ պառկեմ, որպեսզի կարողանա ցավազրկել ինձ, բայց դա արդեն անհնար էր, որովհետև ցավից դողացնում էի: Ներկայացնում եմ մեր խոսակցությունը.
-Խնդրում եմ` փրկեք ինձ...
-Ասում եմ` պառկիր, սիստեման միացնեմ, 15 րոպեից էպիդուրալ կանեմ:
-Չէ, չեմ կարա...
-Բա ի՞նչ անենք...
-Չգիտեմ... Աաաաա, ցավում ա... Նարկոզ արեք, կեսարյան, նարկոզ...
-Դու աննորմալ ե՞ս: Անեմ, որ քեզ ու երեխուդ վնաս տա՞մ:
-Ոչ ոք ինձ չի հասկանում... (լացում եմ)
-Ես նեռվեր չունեմ, հենց հավաքվես, կանչեք ինձ:
Ու գնաց: Եկավ բժիշկս:
-Ինչի՞ ոչ մեկ չի հասկանում ինձ...
-Ի՞նչ ես ուզում:
-Ուզում եմ մեռնեմ,-մռնչում եմ ես:
-Շատ լավ, սենց թողեք, կմեռնի,- լուրջ դեմքի արտահայտությամբ դիմում է բուժքրոջն ու հեռանում:
Անտանելի ցավերը շարունակվում էին, երբ ինձ դեղերի նոր չափաբաժին տվեցին: Թվում էր, թե սա ընդմիշտ շարունակվելու է, թեև անցել էր ընդամենը 1 ժամ: Դեղերն իրենց ազդեցությունը գործեցին. մի քանի րոպեից արդեն ուժ էի տալիս, իսկ 1 ժամից արդեն ծննդաբերական աթոռի վրա տառապում էի :)
Մոտ 10 րոպե իսկապես ուժ տալուց հետո Նոյեմին լույս աշխարհ եկավ: Այն պահին, երբ նա ծնվում էր, ես առաջ եկած դիրքում էի և տեսա, թե ինչպես նա պլստալով դուրս թռավ ուղիղ բժշկի ձեռքերի մեջ: 
Հնարավոր չէ նկարագրել, թե այդ ինչ զգացում է, երբ մայրանում ես: Հիշում եմ, որ երջանկությունից արտասվում էի և շնորհակալություն հայտնում Աստծուն: 
Մինչ ես շնորհակալություն էի հայտնում` Նոյեմիին կշռում էին, չափում հասակն ու փաթաթում: 3.4 կգ, 53 սմ: 3.4 կգ-անոց իմ փոքրիկ երջանկությունը պառկած էր կողքի սեղանին, մինչև բժիշկը կարում էր իմ պատռվածքները (որոնց պատճառով կյանքս ուղիղ 10 օր վերածվել էր դժոխքի): Երկու ժամից մեզ տեղափոխեցին պալատ, իսկ 3 օրից դուրս գրվեցինք ու եկանք տուն, որտեղ սկսվեց մեր նոր կյանքը` լի երջանիկ պահերով, հիասթափություններով, անքուն գիշերներով ու խառը ցերեկներով: 

2 comments:

  1. Մար ջան,ժպիտը դենքիս ու շատ հուզված կարդացի:)Երջանկությում ձեզ ու բազում խենթ ու գեղեցիկ օրեր

    ReplyDelete