Sunday, January 19, 2014

Նոյեմին մեծանում է

Նոյեմին մեծանում է: Դիմագծերն ավելի հստակ են դառնում, հայացքը հասունանում է, անգամ լացելու ոճն է մեծացել: Արդեն ունենք մի քանի բոդի, որ հագին փոքրացել են :) Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ հանում էի նրա շորիկները, նայում, պատկերացնում, թե ինչպիսին է լինելու աղջիկս, ինչպես եմ հագցնելու նրան: Ես իհարկե չէի պատկերացնում, որ շոր հագցնելու մեր պրոցեսն ուղեկցվելու է սարսափելի բարձր լացով :)))) Հուսով եմ, որ երբ Նոյեմին մեծանա, ինձ կասի, թե ինչու էր այդքան շատ բողոքում ու արտասվում: Նա դեռ օրվա մեծ մասն անց է կացնում գրկիս, իսկ գիշերները շատ գոհ մռութով կպնում է ինձ ամբողջ մարմնով, թուշիկը կպցնում կրծքիս ու քնում: Ընդհանուր առմամբ քնում ենք մոտ 4 ժամ. մնացած ժամանակ անց ենք կացնում լացելով: Երբեմն քնում ենք նաև ցերեկները, բայց դա միշտ չէ ստացվում: Նոյեմիին դեռ տատիկն է լողացնում, համարձակությունս դեռ չի ներում նրան ինքնուրույն լողացնել: Այսօրվանից սկսել ենք խմել վիտամին D: Եվ դեռ տառապում ենք գազիկներից :( Ասում են` դրանք իրենք իրենց անցնում են երեք ամսեկանում. ուրեմն մեզ մոտ երկու ամիս մնաց...

Մամա լինելու դժվարությունն այն է, որ ինքդ քո վրա ծախսելու ժամանակ գրեթե չունես: Նախկինում լողանում էի մոտ 40 րոպե. մայրանալուց հետո այդ արարողակարգը տևում է մոտ 10 րոպե, այն էլ ականջներս սրած եմ պահում, քանի որ Նոյեմին հիմնականում զգում է, երբ կողքին չեմ և սկսում է բողոքել: Նա երևի թե շատ է կապված ինձ հետ, եթե չի կարողանում առանց ինձ մնալ:)))) Պատկերացնում եմ, որ մենք շատ մտերիմ ենք լինելու, երբ նա մեծանա: Մենք կլինենք լավագույն ընկերուհիներ, նա կկիսվի ինձ հետ իր գաղտնիքներով, իսկ ես կպատմեմ նրան իմ կյանքի մասին: Միայն թե չգիտեմ` արդյո՞ք կկարողանամ ամեն ինչ պատմել, արդյո՞ք ճիշտ է սեփական երեխաներից գաղտնիքներ ունենալը, իսկ մի՞թե չկան մեր կյանքում բաներ, որոնց համար ամաչում ենք, որոնց մասին աշխատում ենք մոռանալ, մի՞թե պետք է դրանք նույնպես պատմել մեր երեխաներին: Երևի ժամանակի հետ այդ իմաստությունը կգա, ու ես կհասկանամ, թե որն է ճիշտ: Տեսնես իմ մայրիկն ինձնից գաղտնիքներ ունի՞...

No comments:

Post a Comment