Friday, February 21, 2014

Առաջին ժպիտ :)

Նոյեմիի հետ իմ կյանքն օրեցօր ավելի ու ավելի հեքիաթային է դառնում: Այժմ, երբ նա սկսել է ժպտալ, ծիծաղել, արձագանքել, ինձ տեսնելիս անկեղծ ուրախանալ, մենք ավելի ենք մտերմացել: Առաջին անգամ աղջիկս ինձ ժպտաց փետրվարի 10-ին: Նրան պառկեցրել էի մանկասայլակում, օրորում էի, երբ հանկարծ նրա դեմքին մի երջանիկ ժպիտ հայտնվեց: Եվ ես գիտակցեցի` դուստրս կյանքում առաջին անգամ ժպտում է: Սիրտս սկսեց խենթի պես աշխատել, և ես երջանկությունից արտասվեցի: Հաջորդ օրը նա արդեն ժպտաց տատային, իսկ հիմա, երբ պառկեցնում ենք նրան շորիկները փոխելու, նա վայելում է իր տկլորիկությունն ու ժպտում է, ապա ծիծաղում, ապա գղգղում, հետո նորից ժպտում: Նա պտտում է փոքրիկ գլուխը ձայնի ուղղությամբ, փորիկի վրա պառկած դիրքից պտտվում է կողքի, և լողանալիս այլևս չի արտասվում  (հասկացել է, թե որքան լավ բան է լողանալը): Երբ լողացնելիս նրան պահում ենք փորիկի վրա, նա տոտիկներով արագ-արագ շարժում է, թաթիկներով խփում է ջրին ու փորձում է ոտքի կանգնել: Ախր շատ ավազակն է նա :))) Այսօրվանից նրան սկսել ենք ջուր տալ, ինչը կարծես նրա սրտով է` ագահորեն խմում էր :) Միակ բանը, ինչի համար Նոյեմիկին մեղադրում եմ, այն է, որ կուրծք չի ուտում, իսկ ես կաթի հետ խնդիր չունեմ... Նա պարզապես գերադասում է շշով ուտել և զրկվել մայրական առողջարար կաթից... Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ նա հիմա սոված չէ և չի տառապում: Երկու օր առաջ գնացել էինք պոլիկնինիկա. շնորհիվ կրծքով իմ փառահեղ սնուցման քաշի և հասակի առումով մի լավ հետ ենք մնում նորմայից` 4.4 կգ և 55 սմ: Իհարկե սիրտս մղկտում է, բայց գոնե գիտեմ, որ արհեստական սնուցման անցնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Անհամբեր սպասում եմ, թե երբ է եղանակը տաքանալու, որպեսզի դուրս գանք զբոսանքի, թեև չգիտեմ, թե ինչպես եմ ծանր մանկասայլակն ինքնուրույն իջեցնելու-բարձրացնելու: Միայնակ մայր լինելու միակ վատ կողմն այն է, որ մանկասայլակ քարշ տվող չունես :))) Կամ պետք է շտապ ամուսնանալ կամ տեղափոխվել այլ բնակարան, առաջին հարկ :D Թեև այս տարբերակներից ավելի հավանականը մանկասայլակ քարշ տվող վարձելն է :D 

No comments:

Post a Comment