Friday, February 21, 2014

Առաջին ժպիտ :)

Նոյեմիի հետ իմ կյանքն օրեցօր ավելի ու ավելի հեքիաթային է դառնում: Այժմ, երբ նա սկսել է ժպտալ, ծիծաղել, արձագանքել, ինձ տեսնելիս անկեղծ ուրախանալ, մենք ավելի ենք մտերմացել: Առաջին անգամ աղջիկս ինձ ժպտաց փետրվարի 10-ին: Նրան պառկեցրել էի մանկասայլակում, օրորում էի, երբ հանկարծ նրա դեմքին մի երջանիկ ժպիտ հայտնվեց: Եվ ես գիտակցեցի` դուստրս կյանքում առաջին անգամ ժպտում է: Սիրտս սկսեց խենթի պես աշխատել, և ես երջանկությունից արտասվեցի: Հաջորդ օրը նա արդեն ժպտաց տատային, իսկ հիմա, երբ պառկեցնում ենք նրան շորիկները փոխելու, նա վայելում է իր տկլորիկությունն ու ժպտում է, ապա ծիծաղում, ապա գղգղում, հետո նորից ժպտում: Նա պտտում է փոքրիկ գլուխը ձայնի ուղղությամբ, փորիկի վրա պառկած դիրքից պտտվում է կողքի, և լողանալիս այլևս չի արտասվում  (հասկացել է, թե որքան լավ բան է լողանալը): Երբ լողացնելիս նրան պահում ենք փորիկի վրա, նա տոտիկներով արագ-արագ շարժում է, թաթիկներով խփում է ջրին ու փորձում է ոտքի կանգնել: Ախր շատ ավազակն է նա :))) Այսօրվանից նրան սկսել ենք ջուր տալ, ինչը կարծես նրա սրտով է` ագահորեն խմում էր :) Միակ բանը, ինչի համար Նոյեմիկին մեղադրում եմ, այն է, որ կուրծք չի ուտում, իսկ ես կաթի հետ խնդիր չունեմ... Նա պարզապես գերադասում է շշով ուտել և զրկվել մայրական առողջարար կաթից... Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ նա հիմա սոված չէ և չի տառապում: Երկու օր առաջ գնացել էինք պոլիկնինիկա. շնորհիվ կրծքով իմ փառահեղ սնուցման քաշի և հասակի առումով մի լավ հետ ենք մնում նորմայից` 4.4 կգ և 55 սմ: Իհարկե սիրտս մղկտում է, բայց գոնե գիտեմ, որ արհեստական սնուցման անցնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Անհամբեր սպասում եմ, թե երբ է եղանակը տաքանալու, որպեսզի դուրս գանք զբոսանքի, թեև չգիտեմ, թե ինչպես եմ ծանր մանկասայլակն ինքնուրույն իջեցնելու-բարձրացնելու: Միայնակ մայր լինելու միակ վատ կողմն այն է, որ մանկասայլակ քարշ տվող չունես :))) Կամ պետք է շտապ ամուսնանալ կամ տեղափոխվել այլ բնակարան, առաջին հարկ :D Թեև այս տարբերակներից ավելի հավանականը մանկասայլակ քարշ տվող վարձելն է :D 

Saturday, February 15, 2014

Արհեստական կաթիկի մասին :(

Երկար տառապանքներից հետո փետրվարի 14-ից մենք անցանք արհեստական докорм-ի :( Շատ դժվար եկանք այդ որոշման, բայց հիմա միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ շուտվանից չեմ գնացել այդ քայլին` տանջելով Նոյեմիին էլ, ինձ էլ...Իհարկե ցավալի է համակերպվել այն մտքի հետ, որ բավարար կաթ չունես փոքրիկիդ կերակրելու համար, բայց ավելի ցավալին այն է, որ այսքան ժամանակ փոքրիկ Նոյեմին սոված էր մնում, այդ պատճառով էլ այդքան նյարդային ու լացկան էր: Այսօր վերջապես քիչ թե շատ նորմալ ռեժիմ ենք ունեցել, կերել ենք 2-3 ժամը մեկ ու լացել ենք մաքսիմալ քիչ: Եվ ինձ համար անսովոր վիճակ է, որ Նոյեմին 18 ժամ գրկիս չէ, այլ իր օրորոցում, որը վերջապես մեզ պետք եկավ :)) Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ ագահաբար էր ուտում շշից: Այդ պահին ուզում էի գնալ ու կամրջից գցվել: Դա մայրական անպետքության պահ էր, որ ապրել եմ նաև այն ժամանակ, երբ առաջին անգամ նրան ծծակ տվեցի, որպեսզի դադարի արտասվել, իսկ կուրծքս հասցնի կաթով լցվել: Հիմա վախը սրտումս սպասում եմ, թե երբ է նա վերջնակապես հրաժարվելու կրծքիցս և ինչպես եմ հաղթահարելու այդ դժվար պահը: Բայց ինձ համար հիմա ամենակարևորն այն է, որ աղջիկս սոված չմնա ու չարտասվի :( Խեղճ, խեղճ Նոյեմիկ... Եվ խեղճ, խեղճ ես :)) 
Հիմա հաջորդ կարևոր հարցը, որ այդպես էլ չեմ կարողանում կողմնորոշվել, պատվաստումների հարցն է: Պատվաստել, թե՞ չպատվասել, սա է խնդիրը :)) Դեռ 10 օր ունեմ վճռական որոշումը կայացնելու համար... 
Որքան դժվար է մամա լինելը :(

Tuesday, February 11, 2014

Նոր բացահայտումներ :)

Բավականին երկար ժամանակ է, ինչ փոքրիկիս բլոգը չեմ թարմացրել: Պարզապես ժամանակ չկար :) Այ ընթացքում լրացավ մեր միամսյակը, ապա անցավ քառասունքը, իսկ երեկ ամենասպասված իրադարձություններից մեկը տեղի ունեցավ. Նոյեմին ժպտաց :) Այո-այո, գիտակցված և շատ հասուն ժպտաց: Նախորդ օրն էլ էի նկատել, որ ի պատասխան իմ մուսի-պուսիների բալիկս փորձում է ինքն էլ ժպտալ, բայց երեկ էր հենց այն օրը, երբ նա իսկապես շատ լուրջ ժպտաց մեզ :) +1 քայլ դեպի ավելի հասուն Նոյեմիկ :) 
Նոյեմին շատ է փոխվել. հիմա ցերեկները ժամեր շարունակ չի քնում, իրեն պահում է մեծ բալիկի պես :)) Եվ իրեն ամենալավը զգում է այն ժամանակ, երբ գրկիս է, ես էլ արագ-արագ սենյակից սենյակ եմ քայլում: Նա այդ ընթացքում հասցնում է քնի, ես էլ գալիս նստում եմ բազկաթոռին, նրան դնում փորիկիս ու այդպես նստում մոտ մի ժամ, մինչև նա անուշ-անուշ քնած է: Նոյեմին նաև սովորել է գլուխն ինքնուրույն պահել ու շարժել աջուձախ: Նաև շատ է սիրում, երբ իրեն դնում ենք շորիկները փոխելու սեղանին ու տկլորիկ պահում: Հա, նա տակդիրներ չի սիրում :( Դե ո՞վ կսիրեր... 
Ի դեպ երեկ ինձ համար հետաքրքիր բան բացահայտեցի. պարզվում է` գարեջուրը ավելացնում է կաթնարտադրությունը. Նոյեմին հրճվանքի մեջ է :)) 
Այժմ մեր առօրյան անցնում է Նոյեմիին կերակրելով, շորիկները փոխելով, լողացնելով, փորձելով հանգստացնել, երբ նրա այծիկները գալիս են, և փոքրիկս սկսում է անպատճառ (կամ էլ պատճառով) լաց լինել: Բայց մի բան փոխվել է` այժմ ինձ արդեն այդքան էլ անպաշտպան չեմ զգում, երբ նրա մոտ լացելու ժամեր են հայտարարվում, որովհետև գիտեմ, որ միևնույն է` մի քանի ժամից նա ի վերջո կդադարի լացել :))))) 
Ու եվս մեկ լավ նորություն. հիմա գիշերները սկսել ենք քնել: Դեեեե համարյա քնել :) Նախկին սարսափելի վիճակները չկան, երբ նա պարզապես հրաժարվում էր քնել և լաց էր լինում: Հիմա մենք գրեթե ողջ գիշերը քնում ենք և առավոտյան արթնանում ուրախ և առույգ ^_^