Sunday, March 23, 2014

Գարնանային

Երկու օրից Նոյեմին կդառնա երեք ամսական :) Նա մեծանում է, սկսել է ուսումնասիրել շրջակա աշխարհն ու մարդկանց: Երբ արթնանում է և տեսնում է ինձ` սկսում է ժպտալ ու ծիծաղել: Եվ սիրտս երջանկությունից կանգ է առնում: Երբեմն կանգնում եմ և ասում` Աստված իմ, ես մամա եմ, Նոյեմին ԻՄ աղջիկն է: Եվ ինքս էլ չեմ հավատում ասածիս: Չգիտեմ` դա լավ է, թե վատ: Ես երևի պատրաստ չէի մայրանալու... 
Այժմ մեր լավագույն պահերը ցերեկային զբոսանքներն են: Իհարկե մանկասայլակն իջեցնել-բարձրացնելը սարսափելի դժվար է, բայց տանելի է :) Նոյեմին մաքուր օդին կարող է ժամերով քնել, և այգում մանուկների աղմուկն անգամ չի կարող նրան արթնացնել: Իսկ ես նստում եմ գարնանային արևի տակ ու հետևում մարդկանց, ծաղկող ծառերին, մեքենաներին: Մի բան է տարօրինակ` ամեն գարնան սրվող դեպրեսիան այս տարի նույնպես ինձ այցելել է, իսկ ես հույս ունեի, որ գոնե Նոյեմիից հետո ամեն բան կփոխվի: Դժվար է համատեղել մայրանալու երջանկությունը դեպրեսիվ տրամադրության հետ: Չգիտեմ, թե որքան կձգեմ... 
Նոյեմին իսկական հրաշք է, իմ հրաշք բալիկը` արդեն ավելի շատ բան հասկացող, ավելի քիչ լացող: Ունենք քիչ թե շատ կարգավորված ռեժիմ` գիշերները մեծերի պես քնում է, արթնանում, ուտում, քնում, արթնանում, ուտում, գնում զբոսանքի, վերադառնում, ուտում, Չքնում (^_^), լողանում, ուտում, քնում կամ չքնում, ուտում և քնում: Իհարկե ամեն օր չեմ հաջողացնում Նոյեմիին դուրս տանել, բայց մաքուր օդը երկուսիս էլ լավ է: Ես դեռ աշխատանք չունեմ, ինչն ավելի է ազդում իմ վատ տրամադրության վրա: Հուսով եմ` սա իմ կյանքի վերջին գարունն է, երբ ես ապրում եմ այս դժվար պահը (թեև ամեն տարի նույնն եմ ասում...): Ինչևէ, մայրերը պետք է ուժեղ լինեն, իսկ ես, գրողը տանի, մայր եմ :)